
Գիտակցված ընտրություն, սիրելի ընտանիք… Շատ խոսել իմ մասին չեմ փորձի, կարծում եմ հիմնական ասելիքս ինքնակենսագրականումս ներկայացված է, ըստ անհրաժեշտության պատրաստ եմ առավել մանրամասն պարզաբանել… Ասում են՝ հաճախ դժվարությունները մարդկանց միավորում են… Անկեղծ ասած ինչ տեղափոխվել ենք մեր կրթահամալիր, միակ անհանգստությունս եղել է ընտանեկան նախագծերին պարտաճանաչ մասնակցությունը… Մեր կրթահամալիրի մթնոլորտը, համախմբվածությունը, համերաշխությունը և անսահման հոգատարությունը անընդհատ զգացել և շատ բարձր եմ գնահատել… Սակայն այս տարի կարծում եմ բոլոր ծնողներով ապրեցինք, զգացինք տագնապ, վախ ու անորոշության այդ մթնոլորտը միավորեց բոլորիս… Որպես անհատ՝ հարգելով այն որոշումը, իմ ընտանիքի ընտրությունը, չէի կարող հանդուրժել ապօրինի այն ռազմավարությունը, որ կազմակերպվեց մեր՝ սեբաստացիների հանդեպ։ Փորձառությունս պետական ու հասարակական ոլորտում փորձեցի օգտագործել և համախմբել մեր ծնողական համայնքին՝ մեր բոլորի իրավական ձայնը բարձրացնելու, մեր կրթահամալիրի’ որպես հիմնադրամ կայանալու հարցում… Նախ հանդիպումներ ամենօրյա համայնքի կողմից մշակված գործիքակազմի ներկայացմամբ, ապա հանդիպում կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահի, դպրոցների ղեկավարների հետ և հանրային ասուլիսի կազմակերպման առաջարկի, դպրոցների կողմից պատասխանատու ծնողների ընտրության առաջարկի ներկայացում։ Ընտրվեցին պատասխանատու ծնողներ, ովքեր մշակված փաստատթղթերը, ծրագիրը ներկայացնելու էին իրենց դպրոցներում, տարածելու էին մեր պահանջը, և տեղի ունեցավ հանրային ասուլիսը։ Փորձեցինք միավորվել մեկ գաղափարի շուրջ, արագ կողմնորոշվեցինք, տարբեր հարթակներում բարձրաձայնեցինք կրթահամալիրի կարգավիճակի խնդիրը, արհեստական կերպով խոչընդոտներին արձագանքեցինք միայն իրավական հիմքերով… Այդ պահին ավելի ու ավելի համոզվեցի, որ գիտակցված ընտրության հարցում չեմ սխալվել… Իհարկե պատերազմը, ռազմական դրությունը խոչընդոտեց մեր պահանջը,հիմա այլ օրակարգով ենք՝ իհարկե միտված մեր մանկավարժության զարգացման ցուցանիշները տարածելու… Իսկապես մի մեծ ընտանիքի անդամ եմ դարձել, որտեղ համերաշխությունը, սերը ու միասնականությունը ստեղծել են ամուր ընտանեկան միջավայր…Այս պատումը գրում եմ մեքենայից, ամուսնուս հետ շտապում ենք վիրավոր զինվորներին մեր մասնագիտական աջակցությունը ցուցաբերելու… Կշարունակեմ օգտակար լինել արդեն, որպես կրթահամալիրի խորհրդի անդամ (ընտրվելու պարագայում), կբարձրացնեմ ծնողական համայնքի խոսքը, կաշխատեմ նրանց հետ, կտարածեմ մեր մանկավարժությունը…Կհանդիպենք…